
Գլխավոր մրցավարը կաշառված էր
Խայտառակ առաջնություն Թուրքիայում.
Անթալիայում ընթացած ուշուի Եվրոպայի առաջնությունն այս մարզաձևի պատմության ընթացքում վատագույններից մեկն էր, եթե ոչ վատագույնը։ ArmSport.am–ի թղթակիցը մրցավայրից հայտնում է, որ կազմակերպիչներն ամեն ինչ արել էին, որ Հայաստանի հավաքականը ձախողվի։ Մրցավարական ճչացող սխալները բավական շատ էին, թեև առաջնությանը ներկա էին Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռայմոնդ Սմիթը (Մեծ Բրիտանիա), գործադիր կոմիտեի անդամներ Գլեբ Մուզրուկովը (Ռուսաստան), Պետրու Գրինդիանուն (Ռումինիա), Պատրիկ վան Կոպենհաուդը (Բելգիա) և Բեքիր Համեդօղլուն (Թուրքիա)։ Առաջնության մրցավարական կոմիտեի ղեկավարն էր Գլեբ Մուզրուկովը, ուշու-սանդայի մրցավարական կոմիտեն գլխավորում էր Պիտեր Վորը (Մեծ Բրիտանիա), մրցավարական կոլեգիան նախապատրաստել էր ղազախստանաբնակ, Գերմանիան ներկայանցող Ալեքսանդր Ռադունցևը։ Վերջինիս պատրաստած մրցավարական կոլեգիան աշխատեց բավական կողմնակալ և անգրագետ՝ թույլ տալով բազմաթիվ կոպիտ սխալներ գրեթե բոլոր մենամարտերում։ Մի շարք մասնագետների կարծիքով` առաջնության սանդա-ուշուի գլխավոր մրցավար Պիտեր Վորը կաշառված էր Թուրքիայի ուշուի ֆեդերացիայի կողմից։ Համենայն դեպս, մի շարք երկրներ հրապարակավ հայտնում էին իրենց դժգոհությունը և բարձրաձայնում կողմնակալ մրցավարության մասին։ Եթե Վորը կաշառված չէր, ապա նվազագույնը հաճոյանում էր կազմակերպիչներին։ Հաշվի առնելով, որ Պիտեր Վորն անարդարության ամենամեծ մեղավորն էր ու չպատժվեց Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի կողմից` կարելի է եզրակացնել, որ նա կատարում էր հենց եվրոպական ֆեդերացիայի ղեկավարության հրահանգները։ Ինչ վերաբերվում է կոնկրետ Հայաստանին, ապա, ըստ երևույթին, Թուրքիան նպատակ ուներ ամեն կերպ ձախողել և նսեմացնել Հայաստանի թիմին, որը կողմնապահության պատճառով կորցրեց 5 մենամարտ։ Թեև, հանդիպումները տեսագրվում էին մի քանի տեսախցիկներով (այդ թվում Հայաստանի ներկայացուցիչների կողմից), սակայն դա չէր խանգարում մրցավարներին կայացնել ապշեցուցիչ որոշումներ։ Այսքանով հանդերձ, Հայաստանը կարողացավ մեծ թվով մեդալներ վաստակել (11), որոնցից 2-ը՝ ոսկե։ Վստահաբար կարելի է ասել, որ եթե առաջնությունը Թուրքիայի փոխարեն կայանար այլ երկրում, ապա մեր ընտրանին անհամեմատ շատ չեմպիոններ կունենար։
|